Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող օպերատիվ հավաքների ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին

Ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 25-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին, զինված ուժերում ներդրված մի շարք ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև խոսել զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների ընթացքի մասին։

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն իր զեկույցում անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, ընդգծել ղեկավար կազմի ամենօրյա ուշադրության կարևորությունը` ուսումնական փուլի լիարժեք կազմակերպման, մարտավարամասնագիտական դասերի և պարապմունքների պատշաճ իրականացման համար։

Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։

Related posts

Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի

Պակիստանը հայտնել է Հնդկաստանի հետ սահմանին պայթյունների մասին