Նիստի մեկնարկին քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններով: Մասնավորապես՝ ԲՀԿ լիազոր ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդել է, որ քննության առարկա դառնա ՍԴ դատավորների մասնակցության անհնարինության խնդիրը, իսկ «Միասնության թևեր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը դեմ է, որ սույն նիստում քննարկվի ԿԸՀ ընդունած երկու՝ 258 ա և 259 ա, որոշումներից առաջինը:
Դատավորներից Շաթիրյանը նկատել է, որ 258 ա որոշումը վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ոչ թե ամփոփմանը, իսկ վերջնամասում նշված է, որ տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանն արձանագրեց, որ ԿԸՀ-ի՝ հունիսի 14-ի արտահերթ նիստի ժամանակ տեղ են գտել վարչական վարույթին վերաբերող մի շարք խախտումներ, որոնք քննարկելու ենթակա չեն, բայց էական ազդեցություն են ունեցել որոշման կայացման վրա:
«259 ա որոշումն իր էությամբ ձևական որոշում է, որովհետև բովանդակային և իրավական գնահատականներ չկան: Բոլոր իրավական գնահատականները և ԿԸՀ կողմից ընտրությունների ընթացքի, նախընտրական ժամանակահատվածի, քվեարկության օրը տեղ գտած խախտումների վերաբերյալ դիրքորոշումները ամփոփված են 258 ա որոշման մեջ: Մենք գտնում ենք, որ այդ որոշումը թերի է, չի համապատասխանում մի շարք պահանջների, դրա համար ենք վիճարկել վարչական դատարանում, ապա ՍԴ-ում:
Իհարկե, ձեր ասածը՝ 259 ա որոշման անվավեր ճանաչումը, ինքնին առարկայազուրկ կարող է դարձնել 258 ա-ի վիճարկումը, բայց քանի որ այս դահլիճում հնչելու են դիրքորոշումներ, պատասխաններ, երրորդ անձի դիրքորոշում, որը վերաբերում է 258 ա որոշմամբ ԿԸՀ արտահայտած դիրքորոշումներին, սրա համար ենք կարծում, որ վարույթը պիտի կասեցվի մինչև 258 ա-ի իրավաչափության հարցին անդրադառնալը»,- ասաց Լիպարիտ Դրմեյանը:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը պարզաբանեց՝ դա մի մեծ վարչարարություն է, որը եզրափակվել է ՍԴ-ում վիճարկվող որոշմամբ՝ 259 որոշմամբ, և ՍԴ-ն ստուգելու է ամբողջ վարչարարության իրավաչափությունը, այդ թվում՝ ՍԴ ուշադրության ներքո են լինելու 258 որոշման բովանդակությունը և դրանով արձանագրված փաստերն ու հանգամանքները:
«Վերջնարդյունքում ՍԴ-ն վեր է լինելու բոլոր տեսակի ձևականություններից, և երբ որոշումը կայացնի իր լիազորությունների շրջանակում, առհասարակ տեսականորեն պատկերացնենք, անվավեր է ճանաչելու այստեղ վիճակվող որոշումը և անվավեր է ճանաչելու ընտրության արդյունքները: Չի կարող ձևական մոտեցում ցուցաբերել հայցին, թե ճիշտ ընթացակարգո՞վ է ընդունվել 259 ա որոշումը՝ առանց ուշադրություն դարձնելու բովանդակությանը: Իսկ բովանդակությունն ամբողջ վարչարարությունն է, որը նախորդում է 259 ա որոշման ընդունմանը:
Այս առումով կարծում եմ, որ դատարանը զերծ է լինելու ձևականությունից, այսինքն՝ բովանդակային քննարկման առարկա է դառնալու 259 ա որոշումը: Այս պայմաններում պնդել 258 ա որոշումը ևս վիճարկելու կամ վարչական դատարանում վիճարկման հանգամանքով պայմանավորել այս գործի վարույթի կասեցումը, եթե դա, այնուամենայնիվ, առաջնայնություն է ձեզ համար, և պնդում եք որոշումը, ապա պնդեք, մենք և մյուս գործընկերները լսենք, հասկանանք՝ ինչ ունենք քննարկելու»,- ասաց ՍԴ նախագահը:
Հիշեցնենք, որ ՍԴ-ում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումներով գործերի քննարկումը: Բարձր դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներն ու «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության», «Նոր ուժ» կուսակցությունները: Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում դիմումների քննությանը, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն դատավարության կողմերի նկատմամբ: Վարդանյանը Սահմանադրական դատարան է տեղափոխվել խորհրդարանից՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը մինչև դատավոր ընտրվելը Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ էր:
Դատավարությանը որպես երրորդ անձ է ներգրավվել ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Հիմնական պատասխանող է նշանակվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հարակից պատասխաններով հանդես են գալու դատախազության, ներքին գործերի նախարարության և հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները: Գործով զեկուցողը Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանն է, միավորված գործի դատաքննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով: