Սարգիս Խանդանյանը պարզաբանել է՝ ինչու ՌԴ-ն, Ադրբեջանը և Թուրքիան չեն մասնակցում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որին չեն մասնակցում Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասնակիցները:

Լրագրողների հետ զրույցում ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը պատասխանեց լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք այս երկրների ներկայացուցիչները պարզաբանումներ ներկայացրե՞լ են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին չմասնակցելու վերաբերյալ:

«Ինչ վերաբերում է այն պատվիրակություններին, որոնք չեն ժամանել, որպես այդպիսին՝ պարզաբանումներ չեն ներկայացվել։ Ես գիտեմ, որ երեկ Ռուսաստանի պատվիրակությունը դիմել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ նամակով տեղեկացնելով, որ իրենց պատվիրակությունը չի մասնակցելու այս նստաշրջանին։ Ասեմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը չէ, որ հրավերներ է ուղարկել երկրների խորհրդարաններին, դրանով զբաղվում է միջազգային քարտուղարությունը, և բոլոր 56 երկրների և 11 գործընկեր երկրների խորհրդարաններին ուղարկվել են հրավերները։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, նրանք մի քանի անգամ հարց են բարձրացրել տարբեր ձևաչափերով՝ կապված Հայաստանում իրենց անվտանգության հետ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Խորհրդարանական վեհաժողովի նախագահին և վեհաժողովին արձագանքել է՝ ասելով, որ ԱԺ-ն պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, բայց, ինչպես տեսնում եք, Ադրբեջանի պատգամավորները չկան: Եթե հիշում եք, մենք նախորդ տարի նման նախադեպ ունեցել ենք, երբ Ադրբեջանի պատվիրակները մասնակցեցին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին: Կան անվտանգության այդ  պրոտոկոլները, և մենք պատրաստ էինք դա անել, բայց չեն եկել: Դա արդեն իրենց որոշելիքն է»,- ավելացրեց Խանդանյանը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի պատվիրակությանը, ապա, ըստ նրա, «որևէ տեղեկատվություն չունենք»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ադրբեջանը հայտարարել է՝ ցանկացած որոշում, որն ընդունվելու է վեհաժողովի շրջանակում, իրենք անվավեր են ճանաչելու, Խանդանյանը նկատեց՝ «նման դիրքորոշում հայտնելը անտեղյակություն է»:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում փաստաթղթեր և բանաձևեր չեն ընդունվում, և չկա որևէ տեքստ, որն այս պահին շրջանառվում է:

«Բայց պետք է նաև նշեմ, որ մշտական հանձնաժողովի այսօրվա բացման քննարկման ընթացքում մի շարք պատվիրակներ նշեցին, որ իրենք Հայաստանում են՝ նաև աջակցելու Հայաստանին, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին»,- նշեց Խանդանյանը՝ հավելելով՝ թեմատիկ քննարկումների ընթացքում, ըստ ամենայնի, անդրադարձ է կատարվելու ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին:

Նա հիշեցրեց՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան երեկ համատեղ այց են կատարել Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում տեղակայված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։

Related posts

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Շվեյցարիան