Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման

Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 18 տարվա ազատազրկման:

Դատական ակտը քիչ առաջ հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գալստյանին մեղավոր ճանաչելով լրտեսություն կատարելու համար: Տեղեկությունը քիչ առաջ «Լուրերի»հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից: Հանրային մեղադրողը իր ճառում միջնորդել էր Գալստյանին դատապարտել ցմահ ազատազրկման:

Գալստյանը 2018-2023 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղում։ Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է եղել, կրթության նախարարությունում՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Ըստ մեղադրանքի՝ նա 2020-ից հավաքագրվել է օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայությունում և լրտեսել։ Նա ունեցել է Սարխան մականունը և 2020-23 թվականներին օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել ԼՂ տարածքում տիրող սոցիալ-տնտեսական, բնակչության տրամադրությունների, ռազմական գործողությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի, սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին տեղեկություններ:

Դատախազությունը դատական ակտի վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացնելու:

Related posts

Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին

Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր