ՍԱՏՄ-ն ներկայացրել է կենդանիներ արտահանելու դեպքում սահմանված պահանջները

Հայաստանի Հանրապետությունից կենդանի կենդանիներ արտահանելու դեպքում անհրաժեշտ է հստակորեն հետևել ներքոնշյալ իրավական ակտերով սահմանված պահանջներին, որոնց պահպանումը խստորեն վերահսկվելու է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:
Այսպես՝
Համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշման՝ Միության մաքսային տարածքից հսկողության վերցված ապրանքների արտահանման թույլտվության տրամադրումը և անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումն իրականացվում է լիազորված մարմնի՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, կողմից՝ համապատասխան անդամ պետության օրենսդրության համաձայն: Արտահանողը պարտավոր է հետևել ներմուծող երկրի անասնաբուժական օրենսդրության պահանջներին:
Համաձայն «Անասնաբուժության մասին» օրենքի 22-րդ հոդվածի՝ արգելվում է`
  • չհամարակալված մթերատու կենդանիների տեղաշարժը կամ տեղափոխումը, որոնց նկատմամբ չեն կիրառվել հակաանասնահամաճարակային տարեկան և կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգներով սահմանված միջոցառումները,
  • գյուղատնտեսական կենդանիների անհատական ականջապիտակները հանելը,
  • առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության մթերատու կենդանիների, իսկ խոշոր եղջերավոր և միասմբակավոր կենդանիների համար` նաև առանց անձնագրի տեղափոխումը:
Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի 1442-Ն որոշման հավելվածի՝ բեռն արտահանելու համար արտահանողը էլեկտրոնային եղանակով տեսչական մարմին պետք է ներկայացնի հայտ՝ նշելով արտահանվող ապրանքի անվանումը, ծագման վայրը, արտադրողի տվյալները (անվանումը, փաստացի գործունեության իրականացման վայրը), քանակը կամ քաշը (քանակը՝ հատով, քաշը՝ կգ-ով), արտահանման երկիրը, վայրը կամ տարածքը, բեռը ստացողի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), արտահանման նախատեսվող ժամկետը, արտահանողի անվանումը կամ անունը-ազգանունը, բնակության կամ գործունեության իրականացման վայրը:
Բեռի ծագման վայրի համապատասխան հայտը ստանալուց հետո տեսչական մարմնի մարզային կենտրոնը պարտավոր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզել՝
  • իր տվյալների բազայում արտահանողի առկայությունը, իսկ ԵՏՄ-ի տարածք անասնաբուժական հսկողության ենթակա բեռի արտահանման դեպքում՝ բեռն արտադրողի, վերամշակողի և (կամ) պահպանողի առկայությունը ԵՏՄ-ի տարածք արտահանման թույլտվություն ունեցող կազմակերպությունների ռեեստրում,
  • անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքի ծագման վայրի անասնահամաճարակային իրավիճակը և ապահովությունը կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ, ինչպես նաև անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությունը (ՀՀ 21.10.2010 թվականի N 1499-Ն որոշմամբ սահմանված ձևեր),
  • բեռի ծագումը, արտադրողին (կենդանիների դեպքում՝ սեփականատիրոջը), բեռի ամբողջականությունը, անվտանգությունը երաշխավորող պայմանները և մակնշմանը ներկայացվող պահանջները,
  •  ներմուծող երկրի օրենսդրությամբ բեռի ներմուծմանը ներկայացվող պահանջների առկայությունը և արտահանվող բեռի համապատասխանությունն այդ պահանջներին:
Նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու և սահմանված պահանջները բավարարվելու դեպքում Տեսչական մարմնի մարզային կենտրոնի կողմից բեռն արտահանողին էլեկտրոնային եղանակով տրամադրվում է արտահանվող բեռի համապատասխանության տեղեկանքը՝ հայտը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Սահմանված պահանջները չբավարարվելու կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկման արդյունքում արտահանվող բեռի վտանգավորությունը հաստատվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից հայտը մերժվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտը կամ արդյունքներն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման 1-ին հավելվածի՝ անասնաբուժական ենթահսկման բեռների արտահանման համար տրվում են սույն որոշման հավելվածների ձևերի, Եվրոպական Միության կամ այլ ներկրող երկրի կողմից սահմանված ձևի առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք, իսկ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար` համապատասխանության տեղեկանք և անվտանգության սերտիֆիկատներ:
Համաձայն ՀՀ 2024 թվականի մայիսի 30-ի N 818-Լ որոշման 1-ին հավելվածի՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների արտահանման դեպքում անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք սահմանված կարգով տեղեկատվություն են ներկայացնում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, և վերջինիս կողմից իրականացվում է կենդանիների համարակալման էլեկտրոնային «ԱնիՊաս» (AniPas) համակարգից կենդանու նույնականացման անհատական համարի ելքագրումը։

 

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ