Սամվել Կարապետյանի ընտանիքը պետությունից 500 մլն դոլար հատուցում է պահանջում

Սամվել Կարապետյանն ու իր ընտանիքն օգոստոսի 11-ին պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդ» ֆեյսբուքյան էջը;

Կարապետյանների ընտանիքը պետությունից պահանջում է 500 մլն դոլար հատուցում՝ հասցված, ինչպես նաև սպասվող վնասների համար։ Ըստ հաղորդագրության, այս թիվը դեռ նախնական է և ենթակա է վերջնական գնահատման արբիրտաժային տրիբունալի կողմից։

Վարույթը նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև 1995-ի հունվարի 18-ին ստորագրված «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի» հիման վրա։

Կարապետյանների ընտանիքն իր արբիտրաժային հայցում պնդում է, որ Հայաստանի Հանրապետության գործողությունները կամայական են, խտրական, քաղաքականորեն ուղղորդված և նպատակ են հետապնդում զրկել իրենց ՀԷՑ-ի նկատմամբ սեփականության իրավունքից։ Մասնավորապես, այս գործողությունները խախտում են Հայաստան-Կիպրոս BIT համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած մի շարք պարտավորություններ։ Նախ, Հայաստանը չի ապահովել արդար և հավասար վերաբերմունք, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն Կարապետյանների ընտանիքի և իրենց ներդումների համար։ Եվ երկրորդ՝ ՀԷՑ-ի կառավարումը հարկադրաբար վերցնելը Հայաստանի կողմից միջազգային պայմանագրի խախտմամբ իրականացված անօրինական սեփականազրկման դեպք է։

Պաշտպանական խմբի տարածած հաղորդագրության մեջ նաև նշված է․

«Վեճը ծագել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սամվել Կարապետյանի և Հայաստանում վերջինիս բիզնես շահերի նկատմամբ սկսված բռնաճնշումների արդյունքում` պարոն Կարապետյանի կողմից Հայ առաքելական եկեղեցուն հրապարակայնորեն պաշտպանելուց հետո։ Հետևելով վարչապետի կողմից հնչեցված սպառնալիքներին՝ 2025-ի հունիսի 17-ին ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել Կարապետյանի տանը և ձերբակալել նրան՝ իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Սամվել Կարապետյանը մինչ օրս գտնվում է կալանքի տակ։

Նույն օրը վարչապետը հայտարարեց, որ ՀԷՑ-ը, որը Հայաստանում Կարապետյանների ընտանիքի խոշոր ակտիվներից մեկն է, կանցնի պետական կառավարման։ Այնուհետև կառավարությունն արագ քայլեր ձեռնարկեց՝ հաշված օրերի ընթացքում ընթացքում մշակելով և Ազգային ժողով ներկայացնելով ընկերության կառավարումը վերցնելու օրենքի նախագծերը, որոնք ընդունվեցին երկու շաբաթվա ընթացքում։ Այդ օրենքների հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի նկատմամբ անմիջապես վարչական վարույթ նախաձեռնեց և ընկերության կառավարիչ նշանակեց Ռոմանոս Պետրոսյանին, որը նախկինում զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։

Կարապետյանների ընտանիքը, սեփական ներդրումների պաշտպանության նպատակով և BIT-ի (Bilateral Investment Treaty – փոխադարձ ներդումների պաշտպանության համաձայնագիր) պահանջներին համապատասխան, նախապես ծանուցել էր Հայաստանի Հանրապետությանը և առաջարկել բանակցություններ անցկացնել։ Սակայն Հայաստանի կառավարությունը, չնայած իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, դիտավորությամբ հրաժարվել էր բանակցություններից։

Այնուհետև, Կարապետյանների ընտանիքը իրենց իրավունքների պաշտպանության համար ստիպված եղավ դիմել Ստոկհոլմի առևտրի պալատի (SCC) արբիտրաժային ինտիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժին։ 2025-ի հուլիսի 22-ին հրատապ արբիտրաժը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ նոր օրենքների կիրառումից և ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված որևէ գործողությունից։ 2025-ի օգոստոսի 4-ին հրատապ արբիտաժը վերահաստատեց, որ Հայաստանը պետք է անհապաղ կատարի այդ որոշումը։ Չնայած այս որոշումներին՝ Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն մերժեցին այդ որոշման պարտադիր բնույթը և շարունակեցին ՀԷՑ-ի դեմ ուղղված գործողությունները. Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատել է ընկերության առանցքային ղեկավարներին և այլ աշխատակիցներին»։

Related posts

Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկ տրամադրելուն