Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ԼՂ ԱԱԾ-ն պատրաստ է վճռական գործողությունների. հայտարարություն

ԼՂ ԱԱԾ-ն ներքաղաքական իրադրության հետ կապված հայտարարություն է տարածել.

«Հարգելի՛ հայրենակիցներ, սեպտեմբերի 9-ին ԱՀ ԱԺ կողմից ԱՀ նախագահի ընտրություններով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն: Միաժամանակ տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների և ցույցերի անցկացման կոչեր են անում, այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։

Տեղեկացնում ենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները ԱՀ սահմանադրական կարգը պահպանելու համար։ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վճռական գործողությունների։

Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու առանձին անձանց կոչ ենք անում սթափվել և Արցախի Հանրապետության համար այս վճռորոշ ու օրհասական պահին վտանգի տակ չդնել մեր պետականությունը։

ԱՀ քաղաքացիներին հորդորում ու խնդրում ենք չտրվել սադրանքների, ցուցաբերել սառնասրտություն ու բարձր քաղաքացիական գիտակցություն և հարգել ԱՀ Սահմանադրությունն ու օրենքները»,- նշված է հայտարարության մեջ։

Related posts

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան

25 669 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Վասակ Դարբինյանն ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ