Ռուսաստանը 2 մլն եվրո կփոխանցի ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացվող աշխատանքներին աջակցելու համար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերի Մոսկվա կատարած այցի ժամանակ սատարել է առաջարկը՝ նպատակային ուղղելու կամավորական ներդրում 2 միլիոն եվրոյի չափով՝ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքներին սատարելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսիա -24» հեռուստաընկերության եթերում:

«Վերջերս Կարմիր խաչի նախագահը ժամանել էր Մոսկվա և մեզ հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում իրականացվելիք ծրագրերը։ Նախագահ Պուտինը սատարել է առաջարկը, ըստ որի՝ ՌԴ կողմից ԿԽՄԿ-ին ուղղվող երկու միլիոն եվրոյի չափով հաջորդ ներդրումը պետք է ուղղվի Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում ԿԽՄԿ իրականացվելիք աշխատանքներին», – ասել է նա:

Խոսելով տարածաշրջանի մարդասիրական կարիքների մասին՝ Լավրովը նշել է Մոսկվայի ամենօրյա աշխատանքը մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների հետ, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի համակարգում:

«Դրանք են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, Մարդասիրական հարցերի գրասենյակը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային պարենային ծրագիրը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: Նրանց բոլորի համար աշխատանք և տեղ կգտնվի՝ մասնակցելու այն ջանքերին, որոնք այնքան շատ են անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների բնակիչներին», – ավելացրել է նա:

ՌԴ արտգործնախարարը հատուկ շնորհակալական խոսքեր է ասել ԿԽՄԿ-ին, որը երբեք չի դադարեցրել աշխատանքը Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում:

Related posts

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա

Բագրատ Սրբազանն անդրադարձել է Կառավարության հայտարարությանը