Պուտինն Արևմուտքին առաջարկել է ճանաչել Ղրիմը, իսկ Կիևին՝ հրաժարվել ՆԱՏՕ-ից

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է կարգավորվել, եթե երկիրը ապառազմականացվի և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Իրավիճակը կարգավորելու համար Ռուսաստանի նախագահը ժողովրդավարական երկրներին մի շարք առաջարկություններ է ներկայացրել: «Առաջին հերթին նրանք պետք է ճանաչեն Ղրիմի թերակղզու բնակիչների որոշումը՝ վերամիավորվել Ռուսաստանի հետ»,- ասել է Պուտինը:

Ուկրաինան պետք է կամավոր հրաժարվի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալուց: Պուտինը նաև պահանջել է, որ Արևմուտքը դադարեցնի «Կիևի ներկա իշխանություններին ժամանակակից զինատեսակներով հարստացնելը»։

Մոսկվան չի կարող թույլ տալ Կիևի վերադարձը միջուկային կարգավիճակին, ինչի մասին հայտարարում են Ուկրաինայի իշխանությունները: «Նույնիսկ մարտավարական միջուկային զենքի հայտնվելը Ուկրաինայում նշանակում է ռազմավարական սպառնալիք մեզ համար»,- ասել է ՌԴ նախագահը։

Դոնեցկի և Լուգանսկի կարգավիճակների վերաբերյալ Պուտինն ընդգծել է, որ Մինսկի համաձայնագրերը ոչնչացվել էին Դոնբասի ժողովրդական երեկվա ճանաչումից շատ առաջ։

Նա հաստատել է, որ Ռուսաստանը ճանաչում է ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն իրենց սահմանադրությամբ հաստատված սահմաններով: «Բայց մենք ակնկալում ենք, ուզում եմ սա ընդգծել, որ բոլոր վիճելի հարցերը կլուծվեն Կիևի ներկա իշխանությունների և այդ հանրապետությունների ղեկավարության միջև բանակցությունների ընթացքում»,- ասել է ՌԴ նախագահը: «Մոսկվան Դոնեցկին և Լուգանսկին կտրամադրի «համապատասխան օգնություն, այդ թվում՝ ռազմական, սակայն Դոնբաս զորքեր ուղարկելու մասին ոչ ոք այս պահին չի հայտարարել։ Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն «տեղում ձևավորվող կոնկրետ իրավիճակից»,- հավելել է Վլադիմիր Պուտինը:

Related posts

Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն վարորդական իրավունքի խմբակներ

Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է