Պուտինը պատասխանել է Մակրոնին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ զարմացել է՝ կարդալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի դերի վերաբերյալ։ Պուտինը Մակրոնի՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի «ապակառուցողական» դերի մասին հայտարարությունները որակել է «ոչ կոռեկտ և անընդունելի»՝ ընդգծելով, թե այդ հայտարարություններում չկա հակամարտության բուն ընթացքի ըմբռնում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, մենք ողջունում ենք ցանկացածի միջնորդական ջանքերը, քանի դեռ դրանք ի շահ իրավիճակի հանդարտեցման են, ի շահ հակամարտությունների բոլոր մասնակիցների։ Սա վերաբերում է նաև գործընկերների միջնորդությանը որտեղից էլ, որ այն լինի՝ թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Եվրոպայից: Միևնույն ժամանակ, ես զարմանքով կարդացի Ֆրանսիայի նախագահի մեկնաբանությունները հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Կարծում եմ, որ այս հայտարարություններում չկա ըմբռնում բուն հակամարտության ընթացքի և, ըստ ամենայնի, կողմերի դիրքորոշման մասին տեղեկատվության բացակայություն կա, ուստի դրանք հնչել են ոչ կոռեկտ: Բայց հնարավորության դեպքում, պետք է դա քննարկել նաև Ֆրանսիայի նախագահի հետ»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու համար՝ Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու նպատակով:

France 2 հեռուստաընկերության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի:

«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին… 5000 ռուս զինվոր ենթադրաբար այնտեղ է, որպեսզի երաշխավորի սահմանը, (բայց) ռուսներն օգտագործել են այս հակամարտությունը, որը մի քանի դարի պատմություն ունի, Թուրքիայի մեղսակցությամբ խաղացել է Ադրբեջանի խաղը և վերադարձել է թուլացնելու ժամանակին իր համար մտերիմ եղած Հայաստանը: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։

Անցյալ շաբաթ Մակրոնը Պրահայում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում որոշվել է ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկել դեպի երկրների սահման՝ իրավիճակը գնահատելու համար:

Related posts

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

«Լադանիվա»-ն եզրափակիչ փուլում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո

Էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի կիրառումն անթույլատրելի է․ ՄԻՊ