ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Միջնորդության մեջ ներկայացված են քննությամբ ձեռք բերված փաստեր, որոնք հիմք են տալիս Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 43․419-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ, նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում։
Սիմոնյանը նաև ներկայացրել է մի հատված՝ Հրայր Հակոբյան-Իգոր Սարգսյան զրույցից։
«Հ.Հակոբյան
– Իգոր, եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից:
Ի.Սարգսյան
– Ցմահ կտան, եթե ողջ մնաս:
Հ.Հակոբյան
– Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք:
Ի. Սարգսյան- Չգիտեմ»:
Միջնորդագրին և դրանում ներկայացված փաստերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով։