Պուտինը Հայրենական պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախկին ԽՍՀՄ մաս կազմող երկրների առաջնորդներին և ժողովուրդներին, այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Պուտինն ընդգծել է, որ Հաղթանակի օրը հպարտության և երախտագիտության հատուկ զգացումով ենք հիշում մեր հայրերի ու պապերի սխրանքները, ովքեր ուս ուսի տված արիաբար պայքարեցին թշնամու դեմ:

«Այսօր մեր բարոյական պարտքն է խնամքով պահպանել և գալիք սերունդներին փոխանցել այդ տարիների իրադարձությունների մասին հիշողությունը: Պետք է միասին վճռականորեն պայքարենք պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու, Մեծ Հայրենական պատերազմի արդյունքները վերանայելու, նացիստների սարսափելի հրեշավորություններն արդարացնելու ցանկացած փորձի դեմ»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը համոզմունք է հայտնել, որ եղբայրական բարեկամության և փոխօգնության ավանդույթները, որոնք ամրացել են պատերազմական տարիներին, եղել են և շարունակում են մնալ հիմք երկրների միջև կառուցողական, բարիդրացիական հարաբերությունների կառուցման և զարգացման համար:

Պուտինն իր անկեղծ երախտագիտության խոսքն է հղել հայրենական պատերազմի վետերաններին՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն, երկարակեցություն:

Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանից բացի շնորհավորական ուղերձներ են հղվել նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի առաջնորդներին և քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին:

Related posts

Ձեր փորձագիտական կարողությունները կօգնեն մեզ նոր ծրագրերի իրականացման գործում. ԵՄ դեսպանը՝ Շիրակի մարզպետին

Սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ

Թող հովվապետ Ֆրանցիսկոսի ժառանգությունը մեզ առաջնորդի դեպի ավելի խաղաղ աշխարհ. Միրզոյան