Մայիսի 23-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 13:15-ի սահմաններում «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Նավուր ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված ցուցանակը, ապա առաջ ընթացել, մոտ 2 մետր բարձրությունից բախվել բնակչի տան 2-րդ հարկի 2 պատուհանների արանքում եղած պատին և ընկել նշված տան դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Մերսեդես»-ի վարորդի, մահացածի և կայանված «ՎԱԶ 2107» մակնիշ ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, որը, սկզբնաղբյուրի տեղեկություններով, տուն վերանորոգող է եղել և նշված տանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել:
Քննիչի հանձնարարականով՝ «Մերսեդես»-ը տեղափոխվել է ոստիկանության Տավուշի մարզի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ «Մերսեդես»-ը գրանցված է ինչ-որ ընկերության անունով, և այդ ընկերությունը ՀՀ ՊՆ զորամասեր ամենօրյա սնունդ էր տեղափոխում: