Պետք է աշխատենք, որպեսզի ՀԱՊԿ բոլոր մեխանիզմները գործեն, և դրա անհրաժեշտությունը կա. ԱԳ նախարար

Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց Al-Jazeera-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», Գազայի շուրջ իրավիճակի և հակամարտության կարգավորման հարցում ՀՀ մոտեցմանը, ինչպես նաև ՌԴ, ԵՄ ու ԱՄՆ հետ ՀՀ հարաբերություններին առնչվող հարցերի։

Հարց․– Երևանն այս փուլում վերանայո՞ւմ է իր հարաբերությունները, դաշինքները, պատկանելությունը տարածաշրջանային կամ միջազգային որոշակի ձևաչափերին: Արդյոք Հայաստանի օրակարգո՞ւմ է Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությունը:

Պատասխան․– Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որի առաքելությունն է՝ պաշտպանել անդամ երկրների ինքնիշխան տարածքները և սահմանները: Այսպիսով՝ երբ այդ ներխուժումները տեղի ունեցան, մենք չտեսանք պատշաճ գործողություն այն կազմակերպության կողմից, որին մենք անդամակցում ենք: Եվ պետք է նաև հիշել, որ ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական դաշինք է, որը, ինչպես ասացի, կոչված է պաշտպանելու անդամ երկրների սահմանները։ Պատշաճ արձագանքի բացակայությունը հարցեր առաջացրեց հայ հասարակության մեջ, և մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի։ Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա։

Հարց․– Հետևաբար, արդյո՞ք դա ենթադրում է այլ հարաբերություններ Ռուսաստանի հետ:

Պատասխան․ Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, և այո, մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ: Դրանց մեջ կան հարցեր, որոնց շուրջ պետք է լիակատար փոխըմբռնում, բայց ես կարծում եմ, որ այդպիսի խնդիրներ բոլոր հարաբերություններում կան: Զուգահեռ, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կայունության ապահովման հարցերում մենք խորացնում ենք մեր հարաբերություններն այլ գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. նրանք մեր հիմնական գործընկերներն են ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման հարցում և այլն: Արդեն երկրորդ տարին է, ինչ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունն այս իրավիճակի էական նպաստող գործոններից է։

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ:

Related posts

Հոսանքազրկումներ Երևանում ու մարզերում

Արարատ Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին

Մայիսյան–Հացիկ ճանապարհին՝ երկաթուղային գծանցի վրա, բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը. տուժածներ չկան