Պետությունն արտադրողի կողքին է. Պապոյանը ներկայացրել է գյուղոլորտի՝ 2025 թվականի կատարողականը

2025 թվականին գյուղատնտեսության ոլորտի համար նախապես հատկացված է եղել 43 մլրդ դրամ, ծախսվել է 42.8 մլրդ դրամ: Կատարողականը գրեթե 100 տոկոս է եղել:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 12-ի համատեղ նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է հաշվետու տարում ոլորտում իրականացված ծրագրերն ու ֆինանսական ցուցանիշները:

«Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» միջոցառմամբ հատկացված բյուջեն 2.9 մլրդ դրամ է եղել, ճշտված բյուջեն և փաստացի կատարողականը՝ 1.5 մլրդ դրամ:

«Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքներ» ծրագրի շրջանակում պետական բյուջեից հատկացվել էր 3.7 մլրդ դրամ: «Որպեսզի մենք փաստացի չունենայինք 1 կգ չմթերված պտուղ-բանջարեղեն, մենք այս խնդիրը լուծել ենք 3.3 մլրդ դրամով: Սա ևս համարում եմ խնայողություն, 400 մլն դրամ պետական բյուջեն խնայել է, և ամբողջությամբ պտուղ-բանջարեղենը, ըստ էության, մենք մթերել ենք»,- նշել է նախարարը:

Կոնյակի սպիրտի աջակցության ծրագրով ճշտված բյուջեն 1.1 մլրդ դրամ է եղել, ծախսվել է մոտ 990 մլն դրամը: Կոնյակի սպիրտն արտահանվել է, արտահանման ծավալները բավականին մեծ են եղել:

Գարնանացան, աշնանացան և կերային մշակաբույսերի մշակության հիմնական աշխատանքների համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցմամբ տրամադրվել է 1.8 մլրդ դրամ: Արդյունքում ավելի քան 24.000 հեկտար ցանքատարածությունների վրա իրականացվել են մշակությունները: Փոխհատուցում է տրամադրվել նաև 2024 և 2025 թվականների կարկուտից տուժած քաղաքացիներին: Մասնավորապես, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի հազարավոր քաղաքացիներ ստացել են աջակցություն ավելի քան 14.000 հեկտար վնասված ցանքատարածությունների և այգետարածքների համար: Աջակցությունը կազմել է 1.7 մլրդ դրամ:

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» միջոցառման բյուջեն 2.5 մլրդ դրամ է եղել, կատարողականը՝ 2.4 մլրդ դրամ: Իրականացվել են 740.500 ախտորոշման և մոտավորապես 5 մլն 900 հազար կանխարգելիչ պատվաստումներ:

«ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» միջոցառմամբ 742 մլն դրամ է ծախսվել: Հաշվառվել է ավելի քան 1 մլն 30 հազար կենդանի:

«ՀՀ-ում խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնանորոգման համար վարկային տոկոսադրույքներից սուբսիդավորում» միջոցառմամբ հաստատված բյուջեն եղել է 2.5 մլրդ դրամ, ճշգրտված բյուջեն՝ 2.2 մլրդ:

ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի միջոցառման հաստատված բյուջեն կազմել է 1.1 մլրդ դրամ, փաստացի կատարողականը՝ մոտ 1 մլրդ դրամ:

«Փոքր և միջին անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովում» միջոցառման համար ծախսվել է մոտ 70 մլն դրամ:

Նախարարը մանրամասնել է նաև այլ ծրագրերի ու միջոցառումների շրջանակներում հատկացումներն ու իրականացված քայլերը:

Հարցուպատասխանի ընթացքում Գևորգ Պապոյանն անդրադարձել է Ռուսաստանի կողմից ոլորտում հնարավոր սանկցիաներին դիմակայելու առումով նախարարության քայլերին, արտահանմանն ուղղված միջոցառումներին, հայկական արտադրանքի որակի՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխանությանը: Ներկայացնելով այս ուղղությամբ կատարվող աշխատանքները՝ նախարարը վստահեցրել է. «Պետությունն արտադրողի կողքին է»:

Related posts

ԵՄ երկրներում ապաստանելու Թուրքիայի քաղաքացիների դիմումները նվազել են

Երեխայի վիճակը արդեն փոփոխության է ենթարկվել, նա որոշակի տվյալներ է հաղորդել. ՆԳ նախարարը՝ օրգանիզմում թմրամիջոց հայտնաբերված երեխայի մասին

Համոզված եմ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի ժողովուրդների բազմակողմանի կապերը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին