ՊԵԿ նախագահը և ԱՄՆ պետքարտուղարության փոխտեղակալը քննարկել են հարկային և մաքսային գործակցության ուղղությունները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային անվտանգության և զենքի չտարածման հարցերով առաջին փոխտեղակալ Էն Գենզերին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ պետդեպարտամենտի Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության ծրագրի (EXBS) տարածաշրջանային ղեկավարը, ինչպես նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավարը։

ՀՀ ՊԵԿ նախագահը ողջունել է պատվիրակությանը և ներկայացրել ամերիկյան գործընկերների հետ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային համագործակցության հիմնական ուղղությունները։ Ռուստամ Բադասյանը համակարգի համապարփակ բարեփոխումների համատեքստում ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում միջազգային այլ գործընկերների հետ նախանշվող հիմնական առանցքային դրույթները:

ՊԵԿ նախագահը հյուրերին ներկայացրել է դեռևս 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց իրականացման ընթացքը։

Կողմերը մեկ անգամ ևս ընդգծել են EXBS ծրագրի շրջանակում ՀՀ ՊԵԿ մաքսային անցակետերում մաքսային զննման և թմրամիջոցների հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով համալրման անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև մաքսային ոլորտում ռիսկերի համակարգի արդիականացմանն ուղղված մի շարք հարցեր։

ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը մաքսային բարեփոխումների համատեքստում ներկայացրել է մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների արդյունքները։

Հանդիպման ավարտին Էն Գենզերը բարձր է գնահատել կողմերի միջև արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։

Related posts

Սպասվում է անձրև, ամպրոպ ու կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասին