ՊԵԿ-ը պարզաբանել է Սադախլոյի անցակետում առգրավված նյութի վերաբերյալ տեղեկատվությունը

Պետական եկամուտների կոմիտեն, ԶԼՄ-ներում զետեղված՝ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից Սադախլո մաքսային անցակետում առգրավված թմրամիջոցի վերաբերյալ հրապարակումների առնչությամբ պարզաբանում է ներկայացրել:
«Նշված կաուստիկ սոդան նախքան Հայաստանի Հանրապետությունից Վրաստան տեղափոխվելը՝ ՀՀ է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնատար մեքենայով, որի քաշը եղել է շուրջ 21 000 կիլոգրամ։ Բեռնատար ավտոմեքենաներն ապրանքներով հանդերձ, ՀՀ մուտքի և ելքի ժամանակ սահմանային անցման կետերում ենթարկվել են ռենտգեն զննության։ Նաև Երևան քաղաքի մաքսային հսկողության գոտում դրանում առկա ապրանքները, որոնք եղել են ավելի քան 800 պարկ, ենթարկվել են տեսազննման և դրանցից պատահականության սկզբունքով կատարվել են նմուշառումներ, որոնք ՊԵԿ մաքսային մարմնի կողմից ենթարկվել են ստուգման, սակայն օրենքով արգելված ապրանքներ չեն հայտնաբերվել։ Հարկ ենք համարում նշել, որ կաուստիկ սոդան և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցն արտաքնապես գրեթե անհնար է տարբերել միմյանցից, քանի որ դրանք միանման են։
Նախքան բեռնատարի՝ ՀՀ տարածքը լքելը, ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման կողմից համագործակցության կարգով Վրաստանի մաքսային մարմնին հայտնվել է, թե ինչպիսի բեռ պետք է տեղափոխվի Վրաստան, որի վերաբերյալ երկու կողմերի միջև տեղի են ունեցել բեռի հնարավոր ռիսկայնության վերաբերյալ քննարկումներ։
Միաժամանակ, հայտնաբերման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով` պաշտոնական հարցում է ուղարկվել Վրաստանի համապատասխան մարմնին»,- ասվում է հաղորդագրությունում։

Related posts

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները