Պարզվում են Սյունիքում իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․ ՔԿ

Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։
«Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են չորս դի, մեկ դի էլ մինչ այդ տեղափոխված է եղել Կապանի բժշկական կենտրոն։
Քննությամբ պարզվել է, որ դեպքի պահին ավտոբուսում գտնվել է ընդհանուր 26 հոգի, որոնցից 23-ը՝ ուղևոր, 2 վարորդ և 1 օգնական:
Վթարի հետևանքով զոհվել են 5 անձ, որոնց ինքնությունները, նախնական տվյալների հիման վրա,պարզվել են, նրանք ԻԻՀ քաղաքացիներ են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 անձ, այդ թվում՝ վթարին նախորդած շրջանում ավտոբուսի վարորդ հանդիսացած անձը։
Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ:
Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում նախնական տվյալներ են ստացվել առ այն, որ նշված ավտոբուսով ապրիլի 25-ին ԻԻՀ-ից Երևան են ժամանել զբոսաշրջիներ։ Ապրիլի 27-ին՝ զբոսաշրջիկներին վերադարձնելու նպատակով ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքից նշված ավտոբուսն ուղևորվել է դեպի Իրան։
Տաթևի վանքից որոշակի տարածություն, մի քանի շրջադարձ անցնելուց հետո վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում և ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան: Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու և արգելակն ամրապնդելու համար, սակայն վայրկյանների ընթացքում ավտոբուսը պոկվել է տեղից, սկսել է առաջ ընթանալ շուրջ 30-50 մետր և, հարվածելով ու պոկելով պաշտպանիչ մետաղական արգելապատնեշը, գլորվել է ձորը:
2024թ. ապրիլի 27-ին որոշում է կայացվել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վթարված «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսի վարորդ Հ․ Ղ․ Հ-ին ձերբակալելու մասին։
Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, այդ թվում՝ տեղանքի առանձնահատկությունը հաշվի առնելով, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

 

Related posts

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կկիրառի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հանդեպ

Նոր բան մտածեք մաեստրո, մեսիայի քաղտեխնոլոգները մոռացել են, որ այդ խաղաքարտն արդեն խաղացել են․ Թորոսյանը՝ Գալստանյանին

Եկեղեցու բակում նորածին երեխային լքած մայրը հայտնաբերվել է