Պատրաստ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսակցության. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձավ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարություններին:

«Թուրքիայի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել: Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն: Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրվածի ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ:

Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը:

Եվրամիությունը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը ՀՀ կառավարության երկարատև ռազմավարությունն է:

«Մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար: Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում, և Հայաստանը պատրաստ է նման ջանքեր գործադրել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Related posts

ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան

Սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար. Զելենսկին՝ Փաշինյանին