Պատվաստումների շնորհիվ մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն

Իմունականխարգելման շաբաթվա շրջանակում իրականացված մի շարք միջոցառումներն ու տեղեկատվական արշավներն ամփոփվել են երկօրյա դասընթաց-սեմինարով: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարությունը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, իմունականխարգելման և պատվաստանյութերի թեմաների լուսաբանման վերաբերյալ դասընթաց է կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

«Պատվաստումների շնորհիվ մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Դրանց շնորհիվ է, որ աշխարհում էլիմինացված է բազմաթիվ կյանքեր խլած բնական ծաղիկը, Հայաստանը ազատ երկիր է պոլիոմելիտի առումով, 2007-2023 թթ. չեն արձանագրվել կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր»,- ընդգծել է ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը:

Նա նշել է, որ մեր երկրում մեկ տարեկաների շրջանում պատվաստումներում ընդգրկվածությունը գրեթե 93% է, իսկ վերջերս ներդրված ջրծաղիկի դեմ պատվաստանյութով արդեն պատվաստվել է շահառու խմբի 13 %-ը։

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան կարևորել է Հայաստանի առողջապահության նախարարության գործուն ջանքը իմունականխարգելման հարցում:

«Վերջին 50 տարիների ընթացքում մոտ 154 միլիոն մարդ փրկվել է դիֆթերիայից, կարմրուկից, կարմրախտից, կապույտ հազից և այլ վարակիչ հիվանդություններից՝ պատվաստանյութերի շնորհիվ։ Պատվաստանյութերի հավասար հասանելիությունը պարզապես նպատակ չէ, այլ` իրավունք։ Եվ դուք՝ որպես կարծիք ձևավորողներ, ունեք այս կարևոր պարտականությունը՝ մարդկանց տրամադրելու ապացույցների վրա հիմնված, գիտականորեն ապացուցված տեղեկատվություն՝ այդպիսով աջակցելով առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի ջանքերին այս շատ կարևոր և կյանքեր փրկող գործում»,- դիմելով լրատվամիջոցներին` նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդհարթա Դատտան։

Առողջապահության ոլորտում ապատեղեկատվության կառավարման, իմուն-իրազեկման գործընթացում մեդիայի դերի, նոր պատվաստանյութերի, ռազմավարությունների ներդրման և գիտական փաստերի մասին են խոսել ՀՎԿԱԿ մասնագետները:

Related posts

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող՝ պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին Ջամմուի և Քաշմիրի ուղղությամբ հրադադարը խախտելու համար