Պատմամշակութային հուշարձանների պահպանության օրենսդրական նրբությունները․ պարզաբանում է ԿԳՄՍ նախարարությունը

Հաշվի առնելով որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող ոչ ստուգ տեղեկությունները՝ հայտնում ենք.
Պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտը կարգավորվում է մի շարք իրավական ակտերով, այդ թվում՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով: Այդ օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է հուշարձանի սեփականատիրոջ պարտականությունները, որոնցից մեկն է՝ սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում կամ պետական կառավարման տարածքային մարմնին (Երևան քաղաքում՝ ՀՀ տարածքային կառավարման ոլորտի նախարարությանը)՝ տեղական նշանակության հուշարձանի դեպքում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. դեկտեմբերի 7-ի N 145-Ն հրամանով հաստատվել է պահպանական պարտավորագրի օրինակելի ձևը, որից հետո նախարարությունը, համագործակցելով մարզպետարանների և համայնքապետարանների հետ, սկսել է հուշարձանների սեփականատերերի հետ պահպանական պարտավորագրերի ստորագրման գործընթացը: 2024 թ. ընթացքում հուշարձանների սեփականատերերի հետ արդեն կնքվել են 200-ից ավելի պահպանական պարտավորագրեր:
Մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ պահպանական պարտավորագրի կնքումը նպատակ ունի հենց սեփականատերերին ծանոթացնել իրենց պարտականություններին, որպեսզի բացառվեն հուշարձանների քանդման, օրենքի խախտմամբ ձևափոխման և այլ ապօրինի դեպքերը: Պահպանական պարտավորագրերի կնքումը որևէ կերպ չի ազդում սեփականատերերի սեփականության իրավունքի վրա և չի առաջացնում որևէ նոր պարտավորություն, որն արդեն սահմանված չէ օրենքով և իրավական այլ ակտերով:
Տեղեկացնում ենք, որ օրենքով սահմանված պարտականությունից հրաժարվելը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. դեկտեմբերի 7-ի N 145-Ն հրամանով հաստատված պահպանական պարտավորագիրը չստորագրելը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնների խախտում է: Վերջինս առաջացնում է տուգանք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 95-րդ հոդվածով: Այն սեփականատերերը, որոնք սահմանված կարգով տալիս են պահպանական պարտավորագիր, ենթակա չեն տուգանքի։

Related posts

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

Բնում խեղդելու ենք ՀՀ ժողովրդից ինքնիշխանությունը խլելու, Հայաստանը գուբերնիա դարձնելու յուրաքանչյուր փորձ. Արթուր Հովհաննիսյան

ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը