Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը

«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։

Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, ներկայիս կարգավորումներով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է աշխատանքային գործունեությունն իրականացնելու հետ կապված նվերներ ընդունել: Վերջիններս պարտավոր են նաև միջոցներ ձեռնարկել, որ իրենց ընտանիքի անդամները ևս այդպիսի նվերներ չընդունեն:

Թույլատրելի նվերներ են համարվում միայն պետական, պաշտոնական, աշխատանքային այցերի կամ միջոցառումների ժամանակ, գործուղումների շրջանակներում տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակը, դրամաշնորհը:

Թույլատրելի նվերները պաշտոնատար անձը պետք է հաշվառի նվերների հաշվառման ռեեստրում, եթե դրանց արժեքը գերազանցում է քառասուն հազար դրամը կամ նույն աղբյուրից վեց ամսվա ընթացքում ստացվել է պարբերաբար:

Եթե պաշտոնատար անձն ստացել է նվեր, ապա այդ մասին հայտնում է տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին, իսկ այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Ըստ համապատասխան մարմինների տրամադրած խորհրդատվական կարծիքի, եթե նվերը համարվում է թույլատրելի չհամարվող, ապա պաշտոնատար անձը պարտավոր է ստացված նվերը վերադարձնել կամ դրան համարժեք հատուցում տրամադրել նվիրողին: Եթե նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա նվերը հանձնվում է պետությանը կամ համայնքին։

Պետությանը կամ համայնքին են հանձնվում նաև պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները՝ այն դեպքում, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը:

Օրենքի կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտել 02.01.2023 թ., սակայն նվերների հաշվառման, դրանց թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվական կարծիքի տրամադրման, դրանք պետության կամ համայնքի սեփականությանը փոխանցվելու վերաբերյալ կարգավորումները գործելու են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից համապատասխան կարգերը և խորհրդատվական կարծիքի տրամադրման մեթոդական ուղեցույցը հաստատելու պահից:

Related posts

ՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուղերձը՝ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ

Կարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ․ ՄԻՊ