Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ. վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ ՀՀ Կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։

Այս առումով, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային գործընթացների համատեքստում ստեղծվող հնարավորություններն ու Հայաստանի երկաթուղիների մրցակցային, ինչպես նաև միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրված դարձնելուն ուղղված քայլերը։ Մտքեր են փոխանակվել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի ու դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։

Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։

Related posts

10 տարվա ստաժ չունե՞ք. 65 տարեկանից կարող եք ստանալ ցմահ ծերության նպաստ՝ ամսական 46 000 դրամ. ինչու՞ դիմել առաջին 3 ամսում

Թուրքիայում բողոքում են Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների դեմ

Վթարից հետո մեքենան 15 րոպեում չտեղափոխելը՝ 30 000 դրամ տուգանք, վիրավորին անօգնական թողնելը՝ հնարավոր քրեական պատասխանատվություն