Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ էր 103, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ սահմանային տարիքը լրացած զինծառայողն ազատվում է աշխատանքից, մինչդեռ շատ են դեպքերը, երբ ցանկություն կա շարունակելու ծառայությունը: Նախագծով առաջարկվում է բարձրացնել զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու տարիքը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն առաջարկել է ըստ զինվորական կոչումների փոփոխել և տարբեր տարիքային սանդղակներ սահմանել պահեստազորի ծառայողների համար, որոնց թույլատրվում է ներգրավվել զինված ուժերում: Համապատասխան տարիքային շեմը միջին հաշվարկով բարձրացվել է 5 տարով:

Եվ այսպես՝ պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63:

Related posts

Երկրաշարժ Մարտունիից 6 կմ հյուսիս-արևմուտք. այն զգացվել է Մարտունիում, ինչպես նաև Երանոս, Լիճք, Ծակքար և Վարդաձոր գյուղերում

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ