Պայթյուն Արմավիրի գազալցակայաններից մեկում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 16:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքում գործող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ լիցքավորելիս պայթել է «Գազել» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով 2 հոգի վնասվածքներ են ստացել, որոնցից մեկին շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:

Մյուս վիրավորին բժիշկները հետազոտել են, օգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Պայթյունի հետևանքով վնասվել է նաև 3 ավտոմեքենա:

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերության, Արմավիր ԳԳՄ-ի և քաղաքաշինության տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի ծառայողները:

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է գազալցակայանի սեփականատիրոջ, վնասված ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունները:

Պայթյունի հետևանքով գազաբալոնի մասը պոկվել ու մոտ 200 մետր շպրտվել է, իսկ վնասված ավտոմեքենաներն են «BMW», «Mercedes Vito», «Lada» և բեռնատար 2 «Գազել»-ներ:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել