Ուկրաինան հարված է հասցրել Վոլգոգրադի «Տիտան-Բարիկադի» ռազմական գործարանին

Հունիսի 27-ի գիշերը Վոլգոգրադում օդային հարձակման հետևանքով վնասվել է «Տիտան-Բարիկադի» ռազմական գործարանը, հաղորդում են Astra և Exilenova+ Telegram-ալիքները՝ հղում անելով բաց աղբյուրների վերլուծությանը և տեղի բնակիչների հաղորդագրություններին։

Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ քաղաքի Կրասնոօկտյաբրսկի շրջանում վնասվել են ձեռնարկություններից մեկի արտադրական օբյեկտները՝ չնշելով դրա անվանումը։

Exilenova+-ը հրապարակել է տեսանյութ, որում, ենթադրաբար, երևում է գործարանին հարվածած հրթիռի թռիչքը։ Astra-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ այն կարող էր լինել ուկրաինական հեռահար «Ֆլամինգո» թևավոր հրթիռ։

Ուկրաինական Fire Point ընկերության համասեփականատեր և գլխավոր կոնստրուկտոր Դենիս Շտիլերմանը X սոցիալական ցանցում հրապարակել է հրթիռի արձակման տեսանյութ՝ ակնարկելով, որ հարվածն իրականացվել է «Ֆլամինգո» հրթիռով։

Վոլգոգրադի մարզային իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն տասը մարդ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Իշխանությունները նաև հայտնել են, որ առաջացած հրդեհներն արագ մարվել են, իսկ բնակելի շենքերը չեն վնասվել։

Related posts

Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի

Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների