Ուզում եք ՀՀ-ն դարձնել «հուսահատության «ԳԱԶել», հետո պայթեցնել այն, բայց չի ստացվելու. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Պարո՛ն Մինասյան («Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան – խմբ.), որ ասում եք՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի» և քաղաքացուն եք պաշտպանում, հիշեցնեմ, որ Դուք և Ձեր քաղաքական թիմակից Բագրատ Գալստանյանն այդ քաղաքացիներին անվանում եք «խորը անասուն»: Եվ այդ մարդկանց, երբ համարում եք «խորը անասուն», չեք կարող հետո գալ և զբաղվել այդ մարդկանց շահերի պաշտպանությամբ: Այդ մասին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարողների համար տուգանք սահմանելու նախագծի քննարկման ժամանակ:

«Երբ այդ մարդկանց այդ նույն ավտոբուսների մեջ պատրաստվում էիք հրկիզել, հիմա այդ ավտոբուսներում նրանց չվճարածների համար նախատեսվող տուգանքի քննադատությամբ եք այստեղ զբաղված»,- հայտարարեց Կոնջորյանը:

Նա պարզաբանեց՝ վարչապետը «քաղաքացին տուգանքի մատերիալ չի» ասելով նկատի է ունեցել այն, որ ստեղծվել է մի համակարգ, որի նպատակը իրավախախտումը կանխելը չէ, այլ տուգանքի միջոցով քաղաքացուց փող քամելը:

«Այսինքն՝ վճարիր և խախտիր, վճարիր և խախտիր: Սա է նկատի ունեցել վարչապետը: Հիմա դուք եկել, վարչապետին ցիտում եք, բայց եզրահանգումը էլի սուտ եք անում: Չնայած ձեզանից չպետք է ակնկալել ուրիշ բան, ասենք՝ ստախոսությունը ձեր ամենամեղմ արատներից է, դուք տեռորիզմ եք պաշտպանում»,- ընդգծեց պատգամավորը:

Կոնջորյանի խոսքով՝ այս նախագիծն ասում է հետևյալը. որ այն քաղաքացին, որը չի վճարում, այո՛, նա կարող է տոուգանվել:

«Այս նախագիծը խրախուսում է օրինապաշտությունը և նախատեսում է տուգանք օրինախախտման համար, և սա մեր հայեցակարգային քաղաքականությունն է, որովհետև այսպիսին պետք է լինեն մեր հասարակական հարաբերությունները»,- նշեց Հայկ Կոնջորյանը՝ հիշեցնելով, որ այսօրվա տրանսպորտային համակարգն ու բարեփոխումները վարչապետի այն խոստման հետևանքն են, որ հնչել է՝ որ «հուսահատության «ԳԱԶել»-ներ Երևանում չպետք է լինեն», և այսօր Երևանում չկան հուսահատության «ԳԱԶել»-ներ:

«Իհարկե, դուք ուզում եք Հայաստանը դարձնել մի «հուսահատության «ԳԱԶել», հետո պայթեցնեք այդ «ԳԱԶել»-ը, բայց դա ձեզ մոտ չի ստացվելու, ու այս նախագիծն էլ միտված է երևանցիների կյանքն ավելի լավը դարձնելուն, որովհետև այն մարդիկ, որոնք պարտաճանաչ վճարում են, նրանք արժանի են, որ իրենց նկատմամբ մենք ունենանք արդարացի վերաբերմունք»,- խոսքը եզրափակեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը:

Related posts

Մհեր Գրիգորյանը Դանիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում

Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետ

Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիների աճյունների դատաբժշկական փորձաքննություն է անցկացվել