«Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձի կողմից կազմվել են ծառայողական տրանսպորտային միջոցների՝ կեղծ տվյալներ պարունակող ելքի ուղեգրեր առ այն, թե իբր 2024 թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում նշված ավտոմեքենաները շուրջ 43.000 կիլոմետր ավելի են երթևեկել, որի պայմաններում պաշտոնյան յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 1.953.620 ՀՀ դրամին համարժեք 4247 լիտր ավտոբենզինի կտրոն:
Բացի այդ, վերը նշված պաշտոնյան 2022-2024 թթ. ընթացքում հափշտակել և ոստիկանության ծառայողի միջոցով Երևանում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենին է փոխանցել ծառայողական տրանսպորտային միջոցների շահագործման համար հատկացված 240 լիտր ավտոբենզինի կտրոն, իսկ 2023-2024 թթ. ընթացքում յուրացման եղանակով հափշտակել և ոստիկանության մեկ այլ ծառայողի է վաճառել իրեն վստահված ևս 320 լիտր ավտոբենզինի կտրոն:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն պաշտոնատար անձը 2021-2022 թթ. ընթացքում այլ հաստատություն գործուղված ոստիկանության ծառայողին հանձնարարել է ստորագրել իր կողմից կազմված ելքի կեղծ ուղեգրեր առ այն, թե իբր այդ ժամանակահատվածում նշված ոստիկանը հաճախել է աշխատանքի, որի արդյունքում վերջինիս անվամբ դուրս է գրվել և յուրացման եղանակով հափշտակվել ընդհանուր 275 լիտր ավտոբենզինի կտրոն: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը:
Մեղադրանքներ են ներկայացվել նաև ոստիկանության ևս 3 ծառայողի ու ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենին: Պատճառված ավելի քան 2 մլն ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: