Ոչ միայն նավթամթերք. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվի հետ առևտրի մասին

Հայաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ համագործակցության մասին խոսեց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» համաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ։ Փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Դեկտեմբերի 6-ին Դոհայում կազմակերպված քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը: Երեկ` դեկտեմբերի 8-ին, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնեց, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի անմաքս տարանցումը որակել է որպես խաղաղության գործընթացին նվիրված ժեստ Թբիլիսիի կողմից։

«Պետք չէ կենտրոնանալ միայն նավթամթերքի վրա, բոլոր տեսակի ապրանքների ապրանքաշրջանառություն պետք է լինի։ Մենք դրան պատրաստ ենք։ «Խաղաղության խաչմերուկը» և խաղաղության մասին բոլոր խոսակցությունները հենց դրա մասին են։ Բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը, առաջինը ցորենը եղավ։ Որքան շատ լինեն էներգակիրների այլընտրանքային աղբյուրները, լինի դա գազ, լինի գազ կամ այլ բան, այնքան լավ Հայաստանի համար»,- նշեց Սիմոնյանը։

Նա ընդգծեց՝ Երևանը պետք է նաև Բաքվին հնարավորություն տա, որպեսզի իր շահն ունենա ապրանքները հայկական տարածքով Նախիջևան և Թուրքիա արտահանելու հարցում։

Related posts

Հանրապետությունում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ

Ծանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից