Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7-8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։

Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։

Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման պատրաստվածությունը ստուգելու, ինչպես նաև նրանց գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 19-ին Շիրակի մարզում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ մարզպետարանի նախաձեռնությամբ։

Ուսումնավարժության ընթացքին հետևել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ու Շիրակի մարզպետարանի ղեկավար կազմը։

Ըստ սցենարի՝ երկրաշարժի հետևանքով մասամբ փլուզվել են քաղաքի բազմաբնակարան շենքերը, վնասվել արտադրական օբյեկտներ, բռնկվել է հրդեհ, կան տուժածներ։ Անհրաժեշտ է իրականացնել հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ։

Փրկարարներն ըստ իրավիճակի անցնում են գործի։ Արձագանքող ուժերի շարքում են նաև Ոստիկանության, Շտապօգնության ծառայությունների աշխատակիցներ, գազամատակարարման, ջրամատակարարման և էլեկտրամատակարարման կազմակերպությունների վթարային խմբեր։

Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները նախ հատուկ ժապավենով արգելափակում են տարածքը, ապա իրականացնում իրավիճակի գնահատում և մարտական բացազատում՝ որոնողափրկարարական աշխատանքների մեկնարկի համար։

Տուժածներին ցուցաբերվում է առաջին բուժօգնություն, որից հետո երեք տուժած տեղափոխվում են շտապօգնության մեքենայով։

Միաժամանակ, մասնագիտական վթարային խմբերն իրականացնում են տեխնիկական աշխատանքներ՝ ջրագծի վնասված հատվածի վերականգնում, էլեկտրական հենասյուների ամրացում, մալուխների վերականգնում, ինչպես նաև գազախողովակի խցափակում՝ զոդման եղանակով։

Ուսումնավարժության ավարտին ստորաբաժանումների հրամանատարները զեկուցում են իրականացված միջոցառումների արդյունքը։

Ուսումնավարժությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ պատշաճ համակարգվածության, պատրաստված անձնակազմի և արդյունավետ փոխգործակցության շնորհիվ հնարավոր է դիմագրավել նույնիսկ ամենաբարդ իրավիճակներին՝ ապահովելով բնակչության անվտանգությունն ու պաշտպանվածությունը։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ