Շիրակի մարզի համայնքներում ստեղծվել են քամու և կարկուտի վնասները գույքագրող հանձնաժողովներ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, քամու ու կարկուտի վնասները գույքագրելու, ամբողջական պատկերը կազմելու նպատակով մարզի բոլոր համայնքներում ստեղծվել են տեղային հանձնաժողովներ, որոնց կմիանան մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, Շիրակի մարզպետը անցկացրել է արտակարգ խորհրդակցություն` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի 14-ին արձանագրված ուժեղ քամու, տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի հետևանքները գույքագրելուն և հնարավորինս շուտ վերացնելուն առնչվող հարցեր: Հունիսի 14-ին ժամը 19:00-ից սկսված ուժեղ քամին ու պտտահողմը զգալի ավերածություններ են առաջացրել մի շարք համայնքներում։ Ուժեղ պտտահողմը, 17-32 մ/վ արագությամբ քամին Գյումրի և Արթիկ քաղաքներում տանիքներ է վնասել, ծառեր արմատախիլ արել։ Մեծ Մանթաշ, Գետափ, Գեղանիստ, Հոռոմ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Պեմզաշեն գյուղերում վնասվել են բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Մարզի մի շարք բնակավայրերի ցանքատարածություններ, ըստ ահազանգերի, տուժել են տեղացած ուժեղ կարկուտից։

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները