Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ ՆԳ նախարարը «ՀայՓաս»-ում մասնակցել է համակարգի գործնական փորձարկմանը

ՆԳ նախարարությունը շարունակում է կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները՝ նոր փաստաթղթերի տրամադրման գործընթացում համադրելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումները, քաղաքացիակենտրոն մոտեցումն ու որակյալ սպասարկումը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Սեպտեմբերի 23-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ֆրանսիական IN Groupe և A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումի հիմնադրած «ՀայՓաս» ՓԲԸ գլխամասային գրասենյակ։

«IN Groupe» ընկերության բիզնեսի միջազգային զարգացման պատասխանատու Իզաբել Լաուզոնի և «ՀայՓասի գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի հետ նախարարը քննարկել է ծրագրի իրականացման տեխնիկական և կազմակերպչական հարցերը։

Անդրադարձ է կատարվել սպասարկման որակի լավարկմանը, տվյալների անվտանգության ապահովմանը և միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիական լուծումների ներդրմանը։

Արփինե Սարգսյանը հետևել է աշխատակիցների գործնական ուսուցման ընթացքին, որի շրջանակում ներկայացվել են կենսաչափական տվյալների հավաքագրման և գրանցման համար նախատեսված սարքավորումների օգտագործման կարգը, ծրագրային լուծումների կիրառման հնարավորություններն ու աշխատանքային ընթացակարգերի առանձնահատկությունները։

Նախարար Սարգսյանը ծանոթացել է նաև ընկերության նյութատեխնիկական հագեցվածությանը և փաստաթղթերի պատրաստման ամբողջական շղթային։ Տեխնոլոգիական լուծումների ներկայացումն ուղեկցվել է գործնական փորձարկմամբ․ ՆԳ նախարարն անձամբ անցել է փաստաթղթավորման բոլոր փուլերով՝ տվյալների գրանցումից մինչև նույնականացման քարտի և անձնագրի նմուշների տպագրություն։

ՆԳ նախարարի անձնական տվյալներով պատրաստված նմուշները հնարավորություն են տվել տեղում տեսնել համակարգի աշխատանքի վերջնական արդյունքը։ Գործընթացին անմիջական մասնակցությունը թույլ է տվել նաև փաստաթղթավորման ընթացքին ծանոթանալ ծառայությունից օգտվող քաղաքացու տեսանկյունից և գնահատել ընթացակարգերի արդյունավետությունը։

Մանրամասն դիտարկվել է յուրաքանչյուր դետալ, կատարվել են տեղային ճշգրտումներ, առաջարկվել փոփոխություններ․ աշխատանքների բարձր որակն ու սպասարկման հետագա արդյունավետությունը ապահովելու ուղղությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ։

Արփինե Սարգսյանը շրջել է նաև ընկերության գլխամասի՝ դեռևս կառուցման փուլում գտնվող հատվածում և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։

Նախարարն ընդգծել է աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու կարևորությունը՝ նշելով, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների պատրաստվածությունը, տեխնոլոգիական լուծումների հուսալիությունն ու անձնակազմի մասնագիտական կարողությունները համակարգի լիարժեք գործարկման և քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու փոխկապակցված նախապայմաններ են։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել