«Շատ կարևոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնված է». Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ սխալ զեկույց ստանալու մասին հայտարարությունը

Կրեմլում մեկնաբանել են Երևանից հնչող այն հայտարարությունները, թե Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ «Իսկանդեր» համալիրների վերաբերյալ իրեն սխալ են զեկուցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Շատ կարևոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնված է»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը։

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-նշել էր Գևորգյանը:

Հիշեցնենք, որ օրերս 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ակնարկել էր, որ վերջին պատերազմում կիրառված «Իսկանդեր»-ն ամբողջ հզորությամբ չի պայթել։

«Իսկ գուցե պատասխանե՞ն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»,- ասել էր Փաշինյանը։

Ճշտող հարցին, թե այդպե՞ս էլ է լինում, վարչապետը պատասխանել էր․ «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան