Շատ կարևոր եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե հակադրվեն. վարչապետ

Սահմանադրության բերումով ՀՀ նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և առաջնորդվում է ազգային, պետական շահերով: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հավատացած եմ, որ Կառավարությունը նույնպես առաջնորդվում է պետական, ազգային և համազգային շահերով, խորհրդարանը նույնպես առաջնորդվում է այդ շահերով: Այստեղ պիտի գործի իշխանությունների բաժանման սկզբունքը: Սահմանադրությունը հստակ գծագրել է, թե իշխանության տարբեր թևերն ինչ լիազորություններ ունեն և ինչպես պետք է համագործակցեն: Այո՛, շատ կարևոր եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե մեկը մյուսին հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ: Կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև էլ կան մշտական բանավեճ, հարցերի քննարկում: Ավելին ասեմ, Կառավարության ներսում էլ կա մշտական բանավեճ»,- ասաց Փաշինյանը:

Խնդիրը, ըստ ՀՀ վարչապետի, այն է, որ պետք է ունենալ ընդհանուր ուղենիշ, ընդհանուր ռազմավարություն:

«Բոլոր դեպքերում հակադիր շարժումներն իշխանության ներսում աշխատանքի մեխանիզմ է խաթարում: Սա չի նշանակում, որ բոլորն ամեն տեղ ու ամեն ինչում ունեն նույն կարծիքը, նշանակում է, որ քննարկումների արդյունքում կարողանում են գալ ընդհանուր կարծիքի»,- ասաց վարչապետը:

Related posts

Ավազակություն կատարած օտարերկրացիները ձերբակալվել են

ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շինություններ