Նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք է բերվել. Միրզոյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին

ՀՀ-ն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումը: Այս մասին այսօր Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Պետք է մեր գոհունակությունը հայտնեմ այն փաստի առթիվ, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում կամ դրա աշխատանքներին զուգահեռ համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ինչպես առանձին ՀՀ ԱԳ նախարարի, այնպես էլ համանախագահների և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջև, որին հաջորդեց արդեն համատեղ հանդիպումը:

Մենք ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում ենք բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում: Ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ հանդիպման ընթացքում: Քննարկել ենք ու փորձել լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսիք են հայ ռազմագերիների ազատ արձակումը, անհայտ կորած զինվորների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանումը, հայկական մշակութային հուշարձանների մատչելիությունը, որոնք այժմ մնացել են Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո, և մի շարք այլ խնդիրներ, ապա հետագայում ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի հիմնական կոմպոնենտի՝ ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկումներին: Խոսվել է այն մասին, որ նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց նաև լրագրողներից մեկի այն հարցին՝ արդյո՞ք որպես նյույորքյան հանդիպումների շարունակություն՝ նախատեսվո՞ւմ է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:

«Հանդիպումներ նախատեսվում են, առնվազն պայմանավորվածություն՝ գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու, ձեռք է բերվել»,- ասաց Միրզոյանը:

Related posts

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ