Նմուշառված մրգերում միջատասպան նյութի մնացորդներ են հայտնաբերվել, պտուղ-բանջարեղենի վաճառակետերում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ

Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որում քաղաքացին ականատես է լինում, թե ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութ փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում խանութում վաճառվող մրգերից նմուշներ են վերցվել։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

«Ըստ լաբորատոր փորձաքննության արձանագրության՝ նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ։

Տեսչական մարմինը, կարևորելով հանրային առողջության պահպանումը, պտուղ-բանջարեղենի վաճառակետերում կիրականացնի լայնածավալ վերահսկողություն՝ ստուգելով սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։

Միաժամանակ, վաճառվող պտուղ-բանջարեղենից նմուշներ կվերցվեն և կներկայացվեն լաբորատոր փորձաքննության՝ մնացորդային նյութերի ուսումնասիրության միջոցով պարզելու, թե արդյոք միջատասպան նյութի կիրառման նման դեպքերը կրկնվո՞ւմ են այլ վաճառակետերում ևս։

Հորդորում ենք քաղաքացիներին նման դեպքեր արձանագրելու դեպքում անմիջապես ահազանգել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրությունում։

Related posts

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է

Ռումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում

Շների մասին ավելի են անհանգստանում, քան մարդկանց․ Գյումրիում թափառող շները շարունակում են բազմանալ