Նիկոլ Փաշինյանն ու Սամանթա Փաուերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում` Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությանը, ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տարբեր ուղղություններով ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացմանը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հետագա աջակցությանը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը բարեփոխումների ուղղությամբ և ընդգծել, որ այն ունի ռազմավարական նշանակություն:

Սամանթա Փաուերը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել ՀՀ Կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ քայլերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից իրականացված ծրագրերն ու հետագա քայլերը: Վարչապետը կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությունը և ընդգծել դրա շարունակական ապահովման անհրաժեշտությունը:

Այս համատեքստում քննարկվել են բռնի տեղահանվածներին աջակցության հետագա քայլերին, մասնավորապես, բնակարանային ապահովման խնդրին վերաբերող հարցեր:

Related posts

Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան

Պապերի մեդալները՝ թոռների կրծքին. Մայիսի 9-ը Գյումրիում

Փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է․ որոնողական աշխատանքները վերսկսվել են նույն ինտենսիվությամբ