Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին, հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից:

Վարչապետը բարձր է գնահատել ՌԴ ԱԻ նախարարության գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման, քաղաքացիներին ցուցաբերվող հումանիտար օժանդակության գործում և շնորհակալություն հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով ՌԴ առանցքային դերը տարածաշրջանում խաղաղության և կայանության ամրապնդման գործում:

«Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ համագործակցության հետագա զարգացմամբ բոլոր, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության և հումանիտար ոլորտներում», – ասել է վարչապետն՝ անհրաժեշտ համարելով տարբեր բնագավառներում համատեղ նոր ծրագրերի մշակումն ու իրականացումը:

Եվգենի Զինիչևը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ԱԻՆ-ի կողմից Արցախում իրականացվող հումանիտար գործունեության վերաբերյալ և նշել, որ հումանիտար բեռների տեղափոխման ու մնացած աշխատանքներն իրականացվում են առանց խնդիրների, հայ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ներուժի լիարժեք իրացմանը, արտակարգ իրավիճակների և արագ արձագանքման ոլորտում հետագա գործակցությանը վերաբերող հարցեր:

Related posts

Ուկրաինական դրոնները շարունակում են հարձակումները Ռուսաստանի նավթաքիմիական օբյեկտների վրա

Վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը. Շիրակի մարզպետ

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել