Նիկոլ Փաշինյանը բրիտանացի խորհրդարանականներին իր դիտարկումներն է ներկայացրել ԼՂ շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանը, այդ թվում՝ միջխորհրդարանական ասպարեզում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ընդլայնելու փոխգործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով:

Թիմ Լոութընը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական մակարդակով համագործակցությունն առաջիկայում կշարունակի ամրապնդվել և իրենք կներդնեն բոլոր ջանքերը՝ նպաստելու երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի խորացմանը: Նա կարևորել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու համոզմունք հայտնել, որ դրանց արդյունավետ իրականացումը կնպաստի Հայաստանի հետագա առաջընթացին:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:

Վարչապետ Փաշինյանն իր դիտարկումներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը Ադրբեջանի կողմից իրականացվող ապակառուցողական գործողություններին:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է Արցախում ադրբեջանական գործողությունների հետևանքով առաջացող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանագության ոչնչացման քայլերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսությանը:

Related posts

Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են կարգավորումը Գազայի հատվածում

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

Բնում խեղդելու ենք ՀՀ ժողովրդից ինքնիշխանությունը խլելու, Հայաստանը գուբերնիա դարձնելու յուրաքանչյուր փորձ. Արթուր Հովհաննիսյան