Ներքին գործերի նախարարը ներկայացրեց ոստիկանապետի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի ազատման պատճառը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի ազատման պատճառը:

Սարգսյանը թեմային անդրադարձավ ԱԺ–ում՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցի:

Սարգսյանն ընդգծեց, որ Ներքին գործերի նախարարությունում իր նշանակումից հետո կադրային տարբեր փոփոխություններ են եղել:

«Կարծում եմ՝ կադրային փոփոխությունները շատ բնական են, և որևէ արհեստական բան դրա մեջ չկա: Եվ կադրային փոփոխությունները գալիս են ինչ-որ տեղ նաև օգնելու, որ մենք նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք այն հարցերին, որոնց տարիներ շարունակ կարող էինք մեկ այլ հայացքով նայել: Եվ ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակներում է, կարիք կար կադրային փոփոխության, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին էլ ավելի թարմ աչքով նայելու, այդ բարեփոխումներն էլ ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու և գնալու առաջ: Բացառապես սա է եղել պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը»,–ասաց նախարարը:

Նա ընդգծեց՝ պետք չէ փնտրել ինտրիգներ, պետք չէ փնտրել միջանձնային տարբեր հարցեր: Որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ, մի օր կարող է նշանակվել և հետագայում ազատվել պաշտոնից կամ ազատվելուց հետո կարող է զբաղեցնել մեկ այլ պաշտոն:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող պատճառներին՝ նախարարը վստահեցրեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, պաշտոնից ազատումը պայմանավորված է պրոցեսները նոր եղանակով կազմակերպելու ցանկությամբ:

«Եվ ես այս տրամաբանության մեջ եմ նաև վարչապետին առաջարկել ոստիկանության պետի պաշտոնում նշանակել արդեն նորանշանակ պետին, որը եղել է համակարգի մաս և ժամանակավոր դադարից հետո նորից վերադառնում է համակարգ»,–ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ իր շնորհակալությունն է հատնել Արամ Հովհաննիսյանին 30 տարուց ավելի ոստիկանության համակարգում ներդրած ավանդի համար, ինչը միայն բարձր գնահատականի է արժանի:

Հունիսի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Հովհաննիսյանն ազատվել էր ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետի պաշտոնից։ Հունիսի 3-ին այդ պաշտոնում նշանակվեց Արամ Ղազարյանը, որը մինչ այդ ազատվել էր Լոռու մարզպետի պաշտոնից։

 

Related posts

Արարատ Ավետիսյանը՝ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչն է

Էդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին