ՆԳՆ ՓԾ Արարատի և Արմավիրի մարզային ստորաբաժանումներն ամփոփել են 2023 թ․ գործունեության արդյունքները

ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ Արարատի և Արմավիրի մարզային փրկարարական վարչություններում տեղի են ունեցել 2023 թվականի գործունեության արդյունքների ամփոփիչ նիստեր։
Արարատի ՄՓՎ տարեկան գործունեության արդյունքների մասին զեկուցել է Արարատի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Ղուկասյանը։
Նա նշել է, որ 2023 թվականին վարչության հիմնական աշխատանքային գործունեությունն իրականացվել է՝ համաձայն Արարատի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2023 թ․ հիմնական միջոցառումների և Արարատի ՄՓՎ տարեկան աշխատանքային պլանների:
Հաշվետու ժամանակահատվածում Արարատի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 133955 զանգ։ Գրանցված 553 արտակարգ դեպքերից 475-ը հրդեհների վերաբերյալ են։ Ըստ վերլուծությունների՝ հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունեցել չոր խոտածածկ տարածքներում:
ՓԾ Արարատի ՄՓՎ ստորաբաժանումների կողմից արտակարգ դեպքերի, պատահարների սպասարկման նպատակով իրականացվել է 1028 ելք:
Աշխատանքներ են տարվել ազդարարման համակարգի բարելավման ուղղությամբ․ Արտաշատ և Վեդի համայնքների կողմից ձեռք է բերվել և տեղադրվել 11 նոր էլեկտրական շչակ։ Մարզպետարանի և համայնքապետարանների հետ համագործակցության շրջանակներում մի շարք բնակավայրերում տեղադրվել են հիդրանտներ։
Ուսումնասիրություններ են կատարվել նաև մարզի տարածքում առկա արդյունաբերական, արտադրական, հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում և հիդրոտեխնիկական կառույցներում։
Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ծառայողները մշտական աշխատանքային կապի մեջ են գտնվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ, համատեղ իրականացրել են մշտադիտարկման աշխատանքներ, հատկապես հրդեհավտանգ ժամանակահատվածում:
Արմավիրի մարզում նախորդ տարվա կատարված աշխատանքների ամփոփման նիստի ընթացքում ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ նշելով, որ գործունեությունը նպատակաուղղված է եղել ՄՓՎ ստորաբաժանումների անձնակազմի մարտունակության և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ոլորտին վերաբերվող իրավական ակտերի իմացությանը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստմանը և դրանց կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովմանը:
Արմավիրի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում 2023 թվականի ընթացքում գրանցվել է 112143 զանգ։
Գրանցված 339 արտակարգ դեպքերից 291-ը հրդեհների վերաբերյալ են։ Ըստ վերլուծությունների՝ հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունեցել չոր խոտածածկ տարածքներում: ՆԳՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ ստորաբաժանումներն արտակարգ դեպքերին, պատահարներին արձագանքում իրականացնելիս կատարել են 865 ելք:
Աշխատանքներ են կատարվել մի շարք համայնքներում տեղադրված ազդարարման վերջնական սարքավորումների վերանորոգման և նորերի ձեռքբերման ուղղությամբ:
Արմավիրի մարզում շահագործման են հանձնվել թվով 30 նոր հիդրանտ. աշխատանքներ են տարվում նոր հրշեջ ծորակների, հիդրանտների տեղադրման և անսարքների վերանորոգման ուղղությամբ։
Հետևողական աշխատանքներ են տարվել բնակչության և քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման ուղղությամբ, մասնակցություն է ցուցաբերվել հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների պլանավորման աշխատանքներին:
Մարզային վարչությունների պետերն ի թիվս այլ հարցերի զեկուցել են, որ մարզերի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են բազմաբնույթ հրամանատարաշտաբային, շտաբային, ցուցադրական հատուկ տակտիկական և օբյեկտային ուսումնավարժություններ։
Միաժամանակ տարբեր ուսումնական հաստատություններում անց են կացվել դասախոսություններ, սեմինարներ և իրազեկման միջոցառումներ։
Քննարկվել են նաև ստորաբաժանումներում առկա խնդիրները, աշխատանքային պայմանների բարելավմանն ու տեխնիկայի վերազինմանն ուղղված այլ հարցեր։ Նշվեց, որ ընթացիկ տարում նախատեսվում է Արմավիրի ՄՓՎ Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի համար կառուցել նոր տիպային շենք:
Դրական գնահատելով ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքները՝ Ե․ Կարապետյանը ուղենշել է ծառայության կարևոր ուղղությունները, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տվեց հստակ ցուցումներ և հանձնարարականներ՝ 2024թ․ առավել արդյունավետ գործունեություն ծավալելու և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան