Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են՝ մարտի 26-ին Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ստացվել էր տեղեկատվություն մի շարք գետերի հնարավոր վարարումների վերաբերյալ՝ պայմանավորված հորդառատ անձրևներով։
Մարտի 27-ի՝ ժամը 19-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։
Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։
Ժամը 19։00-ի դրությամբ՝ փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է։ Արզումանյան փողոցի երթևեկությունը վերականգնվել է։ Պարեկների և փրկարարների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։
Գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ մյուս մարզերում ահազանգեր չեն ստացվել։
Ոստիկանները հորդորում են հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։