ՆԱՏՕ-ն ամրապնդում է քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այս շաբաթ այցելել է Հարավային Կովկաս՝ Հայաստան և Ադրբեջան: Այցը ՆԱՏՕ-ի այս երկու կարևոր գործընկեր երկրներում պարոն Կոլոմինայի պարբերական քաղաքական խորհրդակցությունների մի մասն էր՝ հայտնել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից:

 

«Հայաստանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Ադրբեջանում նա հանդիպել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Պարոն Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև երկու գործընկերների ներդրումը եվրատլանտյան անվտանգության մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Կոլոմինան կարծիքներ է փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ։

 

«Նա ընդգծել է ազատ տեղաշարժի կարևորությունը և հումանիտար հարցերի լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև բանակցությունների վերսկսման ու կարգավորման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը: Պարոն Կոլոմինան նաև ողջունել է Եվրոպական Միության դերը տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,- ասված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում:

Related posts

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը | ՈՒՂԻՂ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ