Նախնականորեն քաղաքացիական բնակչության շրջանում առկա է հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն:
Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր ու բազմաթիվ փոքր բնակավայրերի (ներառյալ՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Շուշի քաղաքները):
Նախնականորեն քաղաքացիական բնակչության շրջանում առկա է հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր: Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ապաքինվող մի խումբ վիրավորների:
Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքային վնասների, վնասվել են նաև որոշ դպրոցներ:
Հավաքագրված տվյալների վերլուծությունը վկայում է այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը նպատակային ու հասցեական կերպով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք գործունեությունը. տվյալների հստակեցումից հետո հանդես կգանք լրացուցիչ հրապարակումներով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան