Նախագահ Սարգսյանը ՊՆ-ին և ԱԳՆ-ին է դիմել Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացնելու կոչով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել՝ ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին կոչ անելով ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայտարարության մեջ նշված է. «Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ին հայտարարված զինադադարը, գրավել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը և առաջացել դեպի նույն շրջանի Խծաբերդ գյուղի տարածք:

ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունները մինչ այս պահը պատշաճ կերպով հստակ չեն ներկայացրել իրավիճակը և հայկական կողմի իրականացրած գործողությունները։

Հաշվի առնելով իրադրությունը՝ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև նշված բնակավայրերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։

Միաժամանակ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ ԱԺ-ին՝ շտապ գումարել ԱԺ արտահերթ նիստ, որը կքննի Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները։

Բարձր գնահատելով ՌԴ նախագահի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ձեռք բերված զինադադարը և դրա պահպանումը՝ Հանրապետության նախագահը հիշեցնում է նաև, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ին ընդունած որոշմամբ ՀՀ-ն պարտավոր է հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը»:

 

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան