Նազելի Բաղդասարյանն այսօր հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Կարևորելով պետության կառավարման գործում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունն ու պետական մարմինների հետ փոխգործակցությունը՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Մեզ համար հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունն աշխատանքային կարևորագույն ուղղություններից մեկն է լինելու, քանզի ինքս խիստ կարևորում եմ ձեր դերը պետական կառույցների կայացման գործում։ Այն ներուժը, գիտելիքներն ու փորձը, որ ունեն մեր մարզի կազմակերպությունները, հաստատ, մեր համագործակցության արդյունքում կարող է մարզի հիմնահարցերի լուծմանը ծառայել»,- նշել է Շիրակի մարզպետը։
Ծավալվել է անմիջական զրույց ու քննարկում, որի ժամանակ ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են իրականացրած ծրագրերը, որոնք հիմնականում վերաբերել են համայնքային զարգացմանը, կրթական, սոցիալական ոլորտներին։
Երկուստեք կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ու լուծում պահանջող հարցերին ճիշտ արձագանքել և լուծման օպտիմալ ճանապարհով շարժվել։
Անդրադարձ է եղել նաև մարզպետին կից մասնագիտական խորհուրդների ձևավորմանը, քաղհասարակության ներկայացուցիչներն հանդես են եկել առաջարկություններով։
Որպես հանդիպման արդյունք՝ նախատեսվում է քննարկված առաջարկություններից ձևավորել և մշակել քայլեր՝ ուղղված քաղհասարակություն-կառավարություն արդյունավետ երկխոսությանը մարզային մակարդակում:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան