Մոսկվայի «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները հոկտեմբերի 23-ի կեսօրին դադարեցրել են աշխատանքը անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով։
«Ռոսավիացիան» հայտարարել է, որ ուղևորներին աջակցելու համար լրացուցիչ անձնակազմ է ուղարկել, օդանավակայանի ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, իսկ ավիաընկերությունները ճշգրտում են իրենց չվացուցակը։
«Շերեմետևո» օդանավակայանում հայտարարվել է օդային տագնապ, և ուղևորներին հրահանգվել է տեղափոխվել մոտակա անվտանգ գոտիներ ու ապաստարաններ։ Որպես կանոն՝ օդանավակայանները պարզապես դադարեցնում են ինքնաթիռների ժամանումն ու մեկնումը, իսկ ուղևորների տարհանում չի իրականացվում։
Հոկտեմբերին Մոսկվայի օդանավակայանները բազմիցս մի քանի ժամով դադարեցրել են աշխատանքն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների սպառնալիքի պատճառով։ Այդ կասեցումները սովորաբար տեղի են ունենում գիշերը։ Տասնյակ, երբեմն հարյուրավոր չվերթեր են հետաձգվում կամ չեղարկվում։ Այնուամենայնիվ, օդանավակայաններին հարվածների մասին հաղորդագրություններ չեն եղել։
Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել անօդաչու թռչող սարքերի հարվածները, իսկ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ դեպի Ռուսաստանի մայրաքաղաք թռչող 17 դրոն են խոցել։