Յուրաքանչյուրդ ձեր մեջ հավատացած եղեք, որ կարող եք ձեր գիտելիքներով փոփոխություն բերել, օգտակար լինել Հայրենիքին. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ, դաստիարակներ, ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Ուսումը բացում է ճանապարհը դեպի նոր կյանք ու նոր աշխարհ: Եղե՛ք համարձակ ու վստահ: Գիտելիքի միջոցով բացե՛ք բոլոր դռները, բացե՛ք կամքի ուժով ու սրտի թելադրանքով, աշխատասիրությամբ, միմյանց օգնելով, միմյանց վստահելով, միմյանցից սովորելով:

Յուրաքանչյուրդ ձեր մեջ հավատացած եղեք, որ կարող եք ձեր գիտելիքներով, եռանդով, հաստատակամությամբ, հավատամքով դրական փոփոխություն բերել, օգտակար լինել Հայրենիքին, Ազգին, Ընտանիքին և, իհարկե, ինքներդ ձեզ:

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, այս ուսումնական տարին մեկնարկում է Հայաստանի անկախության 30-ամյակի շեմին: Դուք կերտում եք երկրի ապագան, ինչպես 30 տարի առաջ Հայաստանի և Արցախի անկախությունը կերտեցին ձեր ծնողները, տատիկ-պապիկները, ինչպես մեր ողջ պատմության ընթացքում մեր նախապապերն են պայքարել հանուն ազատության, անկախության և ապագայի:

21-րդ դարը մտքի ու գիտելիքի, տեխնոլոգիաների ու ստեղծարարության դար է։ Մենք կարող ենք և պարտավոր ենք մասնակից լինել աշխարհի սրընթաց զարգացմանն ու առաջընթացին։ Մեր ժողովրդի տաղանդն աշխատասիրության, նպատակասլացության, պատասխանատվության հետ ձեռք ձեռքի կարո՛ղ է արդյունք ստեղծել: Եւ դա՝ նաև ձեր շնորհիվ։

Ամենադժվար բարձունքները, որոնք հաճախ անհասանելի են թվում, հնարավոր է նվաճել, եթե այս որակներին ավելանում է հայրենասիրությունը՝ հանուն հայրենիքի, հանուն ազգային ընդհանուր շահի ինչ-որ բան անելու ձգտումը: Սովորե՛ք հաղթահարել մարտահրավերները, առանց վհատվելու ընդառաջ գնալ երազանքներին, ստեղծել, ստեղծագործել և պատասխանատվություն ստանձնել հայրենիքի ճակատագրի համար: Հավատարի՛մ եղեք անցյալի ժառանգությանը, մեր ինքնությանը և հավատացե՛ք վաղվա օրվան:

Սիրելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, դաստիարակներ, վաղվա օրը ձևավորվում է նաև ձեր նվիրված աշխատանքի և այն ջանքերի շնորհիվ, որ դուք ներդնում եք սերունդներ կրթելու և դաստիարակելու մեջ: Վստահ եմ՝ բոլորդ գիտակցում եք, որ ժամանակին համընթաց քայլելու՝ կրթական համակարգի ունակությունն է որոշելու Հայաստանի տեղը սրընթաց զարգացող աշխարհում: Լինելով Հայաստանի իրական էլիտայի կարևորագույն մասը՝ դուք մեր երկրի ապագան կերտելու առանձնահատուկ առաքելություն եք իրականացնում: Ձեզանից է կախված, թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը 10, 50, 100 տարի հետո:

Ես հավատում եմ մեր անխուսափելի հաջողությանը: Չափազանց կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը հավատա դրան և իր գիտելիքով, կարողություններով ու հնարավորություններով մասնակցի այն մոտեցնելուն: Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն»:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում