Մոր սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է

Շարունակվում է օրեր առաջ Երևանի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում 65-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի օգոստոսի 15-ին: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել էր 65-ամյա կնոջ դի՝ սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են բազմաթիվ անձինք՝ այդ թվում հարևանները, տուժողի ազգականները։ Նաև՝ առգրավվել և զննվել է շենքի մուտքը տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը։
Ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցրել է վերջինիս 25-ամյա որդին:
Մասնավորապես՝ 2024 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, մորը՝ Գ․ Կարապետյանին ապօրինի կյանքից զրկելու նպատակով, վերջինս գնացել է իր և ընտանիքի բնակության՝ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող շենքի մոտ, որտեղ տեղանքն ուսումնասիրելով և իր կողմից պլանավորված հանցավոր արարքը կատարելու համար նպաստավոր պահ ընտրելով՝ բարձրացել է բնակարան։ Այնտեղ, իր մորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, կտրել նրա պարանոցը, որից հետո հանցագործության գործիք դանակը թողել է բնակարանի միջանցքում գտնվող պահարանի վրա և ժամը 09։40-ի սահմաններում դեպքի վայրից դիմել փախուստի։
Դեպքի հաջորդ օրը վերջինս Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել:
Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում՝ մեղադրյալի հոգեկան առողջության հետ կապված առկա տվյալներն ստուգելու ուղղությամբ, որի նպատակով իրավասու հաստատություններից պահանջվել են համապատասխան տվյալներ և բժշկական փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում