Մոսկվա կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի պահպանության գոտում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Աբովյան փողոցում գտնվող Հայաստանի նկարիչների միության և կից տարածքների վերաբերյալ փաստաթղթերը:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1995 թվականի սեպտեմբերի 1-ին «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպության և «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի միջև կնքվել է պայմանագիր: Պայմանագրով պետական սեփականություն հանդիսացող՝ Աբովյան փողոցի 16 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող՝ 3800.5 քմ մակերեսով 4 կիսակառույց շինությունները 300 հազար ԱՄՆ դոլարով վաճառվել են «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ին, մինչդեռ «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպությունը չուներ այդ իրավունքը (պետությունը դրանք չէր օտարել ՀԿ-ին):

«Այնուհետև, 1996 թվականի օգոստոսին 28-ին Աբովյան փողոցի 16 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող 3800.5 քմ մակերեսով 4 կիսակառույց շինությունները հրապարակային աճուրդով օտարվել են «Մելլաթ» բանկին:

2000 թվականի մայիսի 5-ին «Մելլաթ» բանկի անվամբ սեփականության իրավունքով գրանցվել են 3800.5 քմ մակերեսով կիսակառույց շինությունները, իսկ վարձակալության իրավունքով՝ 3281 քմ մակերեսով հողամասը:

Հատկանշական է, որ 2006 թվականի հունիսի 15-ին Երևանի քաղաքապետարանը «Մելլաթ» բանկին ուղարկված գրությամբ նշել է, որ Աբովյան 16 հասցեում գտնվող կիսակառույց շենքի՝ վարձակալությամբ տրամադրված 3281 քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (օտարման ոչ ենթական հողատարածքներ) սահմանափակումների ցանկում և ենթակա է օտարման:

2006 թվականի հուլիսի 19-ին «Մելլաթ» բանկ ՓԲ ընկերությունը «Դիդաս ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությանն է օտարել Աբովյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 798 մլն 84 հազար դրամով:

2006 թվականի օգոստոսի 22-ին Կադաստրի կոմիտեում գրանցվել է «Դիդաս ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը 3800.5 քմ մակերեսով կիսակառույց շինությունների և 3281 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Դիդաս ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը 2007 թվականի հուլիսի 6-ին կնքված պայմանագրով՝ «Ջուխտակ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել Թումանյան փողոց 3 հասցեի 554.3 քմ մակերեսով հողամասից և 35.2 քմ մակերեսով ավտոտնակից բաղկացած անշարժ գույքը:

2008 թվականի հունվարի 18-ին Թումանյան փողոց 3 հասցեի տարածքը միավորվել է Աբովյան 16 հասցեի հետ՝ վերագրանցվելով որպես Աբովյան 16/1 հասցե՝ 3835.3 քմ մակերեսով հողամասով:

Դատախազությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերոնշյալ տարածքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում: Այդ մասին է վկայում 2023 թվականի հուլիսի 23-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից Գլխավոր դատախազություն ստացված գրությունը, ըստ որի՝ Ընկերության անվամբ գրանցելու պահին տարածքն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկում և օտարման ենթակա չի եղել:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի սեպտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ արարքի կատարման պահին գործող՝ 01.07.1961 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածով (ուրիշի գույքին տիրանալը), 184-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականություններին անփույթ կամ անբարեխիղճ վերաբերվելու հետևանքով դրանք չկատարելը) և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը):

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, առաջիկա օրերին հայց կներկայացնի Վարչական դատարան՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը համայնքին վերադարձնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին